Տարածքները, որտեղ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է կիրառվում, լցվում են տարատեսակ թունավոր նյութերով, և այդտեղ տարիներ շարունակ կարող է կենսաբազմազանություն չլինել. բնապահպան

14:59 • 06.11.20

Սպիտակ ֆոսֆորը շրջակա միջավայրի վրա սարսափելի հետևանքներ է թողնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ հոկտեմբերի 30-ի գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

«Տարածքները, որտեղ այն կիրառվում է, լցվում են տարատեսակ թունավոր նյութերով, և տարիներ շարունակ այդտեղ կենսաբազմազանություն կարող է ընդհանրապես չլինել: Մարդու մաշկի հետ հպումը առաջացնում է թունավորում և այրվածքներ: Այդ տարածքում գտնվող մարդկանց մոտ, չպաշտպանվելու դեպքում, արձանագրվում է մահ»,-նշեց Ադամյանը:

Ինչ վերաբերում է սպիտակ ֆոսֆորից ջրային ավազանների հնարավոր թունավորմանը, բնապահպանն ասաց, որ թեև վտանգ առկա է, բայց այն փոքր է:

Անդրադառնալով արգելված զենքի կիրառմանը միջազգային արձագանքին՝ Ադամյանը նշեց, որ թեև ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը, Կառավարությունը, 50 բնապահպանական կազմակերպություններ և այլ կառույցներ դիմել են աշխարհի հզորագույն բնապահպանական կառույցներին՝ անդրադառնալով սպիտակ ֆոսֆորի կիրառմանը, բայց որևէ ակնառու արձագանք չի եղել:

«Եղել են միայն մտահոգություններ ու կոչեր: Այո, դիմելն անհրաժեշտ էր, բայց նրանք բոլորն ունեն  քաղաքական ու տարատեսակ այլ շահեր, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք, հետևաբար պետք է մեր ուժերով դիմագրավել»,-ասաց նա:

Ադամյանի խոսքով՝ այս պատերազմը, ընդհանրապես, լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում: «Մենք լիովին չենք պատկերացնում, թե կիրառվող զենքերի պարունակությունն ինչպիսին է, իսկ այժմ աշխատում է ոչ թե մարդկային ուժի գործոնը, այլ հենց զինամթերքը: Շատ լուրջ բնապահպանական խնդիրներ են ծագելու այն տարածքներում, որտեղ մեծաքանակ ռմբակածություններ են եղել, տարբեր տեսակի զինամթերք է օգտագործվել»,-ասաց նա՝ նշելով, թե նշված տարածքներում վերանում է բուսական աշխարհը, ինչին էլ հաջորդում է կենդանիների վերացումը:

«Փրկված կենդանիներն էլ վտանգի մեջ կարող են հայտնվել կերի, շրջակա միջավայրի փոփոխության պատճառով, և հեռանալու են այդ տարածքներից: Այն տարածքներում, որտեղ հիմա ընթանում են մարտերը, կենդանիների միգրացիայի տարածք է, հետևաբար կարևորագույն բնապահպանական նշանակություն ունի: Վերականգնողական աշխատանքների համար պետք են տասնյակ տարիներ: Եթե շենքը կարելի է կառուցել, ապա բույսը, կենդանին հետ բերելը, մարդու համար շրջակա միջավայր ստեղծելը բավականին բարդ է»,-ասաց բնապահպանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։