ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ իրավիճակը «ժամանակային պատուհան» է Ղարաբաղյան պատերազմի համատեքստում. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Մերձավոր Արևելքից ահաբեկիչների առկայությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից չի կարող դիտվել որպես շարքային խնդիր, քանի որ այդ ահաբեկիչները կարող են թափանցել իր տարածք: «Տողերի արանքում» հաղորդաշարի հատուկ թողարկման եթերում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Թե՛ հանրային կարծիքի տեսանկյունից, թե՛ որոշման ընդունման գործընթացի անմիջական մասնակիցների կողմից այս հարցը հանված է օրակարգի շատ բարձր կետ, ինչն էլ իր հերթին կարող է նախատեսել շատ արագ և շատ հստակ գործողություններ», - նշել է նա:
«Սա առաջին հերթին նշանակում է, որ այսօր և՛ ռազմավարական, և՛ մարտավարական իմաստով ոչ մի խոչընդոտ չպետք է լինի հայ-ռուսական փոխվստահելի, լիարժեք, ընդգրկուն օրակարգի համար: Եվ այս օրակարգում առաջին տեղում պետք է հայտնվի ահաբեկչության դեմ միասնական պայքարը», - նշել է վերլուծաբանը:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը որոշակի «ժամանակային պատուհան» է ստեղծում, քանի որ ընտրությունների արդյունքների ամփոփման ձգձգումը, ներքաղաքական լարվածությունը շեղելու է Վաշինգտոնի ուշադրությունն արտաքին քաղաքական խնդիրներից՝ այդ թվում նաև Արցախում պատերազմից:
«Սա մի կողմից բերելու է նրան, որ Թուրքիան չի կաշկանդվելու Միացյալ Նահանգներից, բայց մյուս կողմից, որքան էլ պարադոքսալ հնչի, Թուրքիան իրեն միայնակ է զգալու ՌԴ հետ առնչություններում», - նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով՝ եթե մենք կարողանում ենք այս ժամանակային պատուհանն օգտագործել, մենք իրականում քաղաքական օրակարգում կարող ենք մեծ բեկում ունենալ:
Մանրամասները տեսանյութում:










