Մենք միջազգային պարտավորություն ենք ստանձնել՝ մինչև 2050 թ․ Հայաստանում կրկնապատկել անտառային տարածքները. շրջակա միջավայրի փոխնախարար (տեսանյութ)
Վերջին երկու տարվա ընթացքում մեզ հաջողվեց Սևանից ամենաքիչ թվով և ծավալով բացթողումներ ունենալ, և սա համակարգային հարց է: Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
«Մենք նաև միջազգային պարտավորություն ենք ստանձնել մինչև 2050 թվականը Հայաստանում կրկնապատկել անտառային տարածքները, դա, իհարկե, շատ հավակնոտ նպատակ է, և շատերը քննադատում են, թե Հայաստանը կունենա այդ հնարավորությունները, բայց այստեղ կարևոր է համակարգային մոտեցումը»,-ասաց նա:
Նա նշեց, որ մենք պետք է միջոցներ ուղղենք տնկարանների ստեղծման, «կանաչ» աշխատատեղերի ստեղծման, որպեսզի դա դառնա տնտեսական զարգացման գաղափարներից և ուղեցույցների մեկը: Նա նշեց, որ 2018-2019 թվականներին արդեն անտառատնկման աշխատանքներում ունենք աճ:
Անդրադառնալով ձկնապաշարներին՝ նա ասաց, որ այս տարի արդյունաբերական ձկան պաշարի սահմանման փորձ ունենք, և դեռ համայնքների հետ պետք է շատ աշխատեն, որ կարգավորեն արդյունաբերական որսը: Նա նաև կարևորեց գետերի հուների մաքրումը: «Մենք աղետալի վիճակ ունենք գետերում և կենցաղային կոշտ թափոնների կուտակման արդյունքում ձկնուղիների փակման խնդիր ունենք»,-ասաց նա:
Ի դեպ, անդրադառնալով հարցին, թե ինչու նախարար Ռոմանոս Պետրոսյանը չի ներկայացել, փոխնախարարն ասաց. «Բոլորս գիտենք, որ Ռոմանոս Պետրոսյանը եղել է հարավում, և հիմա վատառողջ է»:










