Նարիշկինը հաստատել է, որ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ԼՂ-ում Սիրիայից վարձկանների վերաբերյալ հստակ տեղեկություն է ստացել (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Վերջինիս խոսքով` ՌԴ ԱՀԾ-ն «հստակ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից ու առաջին հերթին` Սիրիայից»:
«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը:
Նա նաև նշել է, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին:
«Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է և աշխատանքի առանձին տարրեր տեսնում»,-ասել է Նարիշկինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










