Երևան է հասել Ուկրաինայի հայերի միության հումանիտար օգնության նոր խմբաքանակը

10:36 • 06.11.20

Ուկրաինայի հայերը շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայրենիքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ նախօրեին Երևանում դիմավորել են 100 տոննա հումանիտար բեռով 5 բեռնատար՝ բերված Ուկրաինայից: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշել է, որ ևս 40 տոննա հումանիտար օգնություն պատրաստվում է:

Արդեն հայրենիքին տրամադրված օգնության մեջ շտապօգնության մեքենաներ են, ռեանիմոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սննդամթերք, հագուստ և այլն:

«Ուկրաինայի հայերի միության կողմից ավելի քան 2 հազար 500 մարդ ամեն օր ապահովվում է սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավելի քան 100 ընտանիք ապահովվել է կացարանով»,-նշել է Հովակիմ Հարությունյանը:

Պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում աշխատում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբերը, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։