Ինչո՞ւ են հեղինակավոր լրատվամիջոցներն ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ տարբեր արդյունքներ հայտնում. The Guardian-ի պարզաբանումը

16:38 • 06.11.20

ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների հարցում մարդկանց մոտ շփոթություն է առաջացնում այն հանգամանքը, որ տարբեր հեղինակավոր լրատվամիջոցներ ընտրությունների՝ միանգամայան տարբեր արդյունքներ են ներկայացնում: The Guardian պարբերականը փորձել է հասկանալ ստեղծված խառնաշփոթի պատճառը:

ԱՄՆ-ում նախագահն ընտրվում է որ թե համաժողովրդական քվեարկության, այլ ընտրիչների ձայների միջոցով. նախագահ դառնալու համար հարկավոր է ստանալ ընտրիչների 270 ձայն:

ԱՄՆ-ում դաշնային կենտրոնացված ընտրական համակարգի բացակայության պատճառով ավանդույթ է դարձել, որ ԶԼՄ-ները ձայների մեծ մասի հաշվարկից հետո, հիմնվելով առկա տվյալների վրա, հայտարարում են, որ այս կամ այն նահանգում հաղթել է թեկնածուներից որևէ մեկը:

Օրինակ՝ բրիտանական The Guardian-ը  որպես աղբյուր օգտագործում է Associated Press (AP) լրատվական գործակալության կողմից հավաքված և վերլուծված տվյալները: Կան նաև այլ հուսալի աղբյուրներ, ինչպիսիք են NBC-ն, Fox News-ը, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են ավելի վաղ կամ ավելի ուշ ներկայացնել տվյալները, քան AP-ն:

Այս տարի դա ակնհայտ եղավ Արիզոնայում: Ե՛վ AP-ի, և՛ Fox News-ի տվյալներով՝ այստեղ հաղթել է Բայդենը:

AP-ն հայտարարել էր, որ նահանգում ձայների 80% հաշվարկից հետո Բայդենը ավելի քան 5%-ով գերազանցել է Թրամփին և անհասանելի է դարձել վերջինիս համար:

Թրամփի թիմը համաձայն չէ նշված տվյալներին: Այժմ Բայդենի առավելությունն Արիզոնայում նվազել է մինչև 3%` 88% քվեաթերթիկների մշակումից հետո:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։