Պետդեպը Կոնգրեսին հայտնել է ԱՄԷ-ին 2,9 մլրդ դոլարի գերժամանակակից անօդաչուներ վաճառելու ծրագրի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին հայտնել է 2․9 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրություններին գերժամանակակից 18 անօդաչու սարք վաճառելու ծրագրի մասին, գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ հայտարարությունն արվել է մերձարևելյան երկրներին F-35 ինքնաթիռների հավանական վաճառքի վերջին ծանուցումներից հետո։
Նշվում է, որ ԱՄԷ-ն երկար ժամանակ է հետաքրքրված եղել ԱՄՆ-ից անօդաչու սարքերի գնմամբ, ուստի՝ այս ամառ ԱՄՆ-ի արտահանման քաղաքականության փոփոխությունից հետո այն առաջին պատվիրատուներից է լինելու։
Հայտնի է, որ ոչ պաշտոնական այս հայտարարությանը հաջորդելու է Պետդեպարտամենտի հանրային և արդեն պաշտոնական ևս մի ծանուցում։ ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը կարող է վերանայել և արգելափակել վաճառքի գործարքը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ մինչև Կոնգրեսին պաշտոնական ծանուցում ուղարկելն ԱՄՆ-ն չի պատրաստվում հաստատել կամ մեկնաբանել այս հայտարարությունները։










