Անհրաժեշտ է բեկում․ հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ․ Կարեն Բեքարյան

20:03 • 07.11.20

Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«1. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից:

2. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ:

3. Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:

4. Վերը նշված կետերը պետք է իրականացվեն անհապաղ, խոչընդոտները պետք է վերացվեն:

Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու…

Աստված պահապան մեր բանակին, մեր իրական նվիրյալներին, մեր երկու պետություններին և ժողովրդին»,- գրել է Բեքարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։