Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում, Մարտունու ուղղությամբ. Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն. Արծրուն Հովհաննիսյան
Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսքանից հետո, եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը, ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










