Արցախում հերոսաբար զոհվել է գնդապետ Արտյոմ Միրզոյանը

16:43 • 07.11.20

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի լավագույն ներկայացուցիչներից մեկը` գնդապետ ԱՐՏՅՈՄ ԶԱՐՄԻԿԻ ՄԻՐԶՈՅԱՆԸ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության Մշակույթի Կենտրոնը:

«Պրոֆեսիոնալ հրամանատա՛ր, նվիրյալ սպա՛, անփոխարինելի ընկե՛ր, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում։

Գնդապետ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Նոր- Նորքի սրբ. Սարգիս եկեղեցում»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։