ՌԴ շահերն ու նպատակները համընկնում են ՀՀ շահերին, և որքան ՌԴ–ն մեծացնի ճնշումը Թուրքիայի վրա՝ նրան Հրվ․ Կովկասից դուրս մղելու համար, այդքան կթուլանան Ադրբեջանի դիրքերը․ քաղաքագետ

16:59 • 07.11.20

Բոլորիս տպավորությունն այն էր, որ այս պատերազմն էլ կարող է նման լինել Ապրիլյան պատերազմին և կտևի 4-6 օր, որովհետև ինչպես ցույց է տալիս հակամարտությունների փորձը, դրանք տևում են մեկ կամ երկու շաբաթ, ոչ ավել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով հարցին՝ այսօր Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդեն 42-րդ օրն է, սպասելի՞ էր, արդյոք, որ ռազմական գործողություններն այսքան երկար կտևեն:

Իսկ թե ինչու է պատերազմը երկարում, քաղաքագետը նշեց, որ տապալվել է Ադրբեջանի ծրագիրը՝ կայծակնային արագությամբ հասնել հաջողության: «Նրանք չէին նախատեսել մեկ կամ երկու ամսվա պատերազմ: Նրանց նպատակն էր գրավել և՛ 7 շրջանները, և՛ Ղարաբաղի բուն տարածքը, բայց կայծակնային պատերազմը տապալվեց, մենք էլ հակառակորդին պարտության մատնելու համար հարկադրված ենք ընտրել երկարատև մաշող պատերազմի քաղաքականությունը Արցախի լեռներում»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի դերին և արդյոք համարժեք արձագանք եղավ Իրանի կողմից, Քեռյանը նշեց, որ Իրանը, իհարկե, արձագանքեց և իրեն դրսևորվեց որպես մեզ բարեկամ և հարազատ պետություն՝ բաց պահելով մեր հարավային դարպասները:

«Այն մեզ համար կյանքի ճանապարհ է և՛ ռազմամթերքի, և՛ էներգակիրների, և՛ պարենամթերքի ներկրման, արտաքին աշխարհ դուրս գալու համար, որովհետև Վրաստանը չի թողնում ռազմական բեռների փոխադրում, միակ ճանապարհը մնացել է Իրանը: Շատերը մաքսիմալիստական պահանջներ ունեն Իրանի նկատմամբ, որը հիմնավորված չէ: Այդ մարդկանց թվում էր, թե Իրանը պետք է ձի հեծած, սուրը ձեռքին պահած մտներ Ադրբեջան և կռվեր Հայաստանի կողմում, այդպես չի կարող լինել»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Տարածաշրջանում Անկարայի դերի մեծացմանը, որին Թուրքիան ձգտում է հասնել, ինչպես նաև հարցին, թե արդյոք Ռուսաստանը դա կհանդուրժի, նա նշեց, որ Ռուսաստանին ձեռնտու չէ դա: «Եվ ձեռնտու չէ, ոչ թե այն բանի համար, որ նրանք Հայաստանի շահերով են առաջնորդվում, չնայած՝ դա էլ կա, բայց այստեղ Թուրքիան մարտահրավեր է նետել Ռուսաստանին Հարավային Կովկասում, իսկ սա ուղղակիորեն հարվածում է Պուտինի վարչակարգի վերջին տասը տարվա քաղաքական գծին և ռազմավարությանը՝ վերականգնել Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Այսինքն՝Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության և ներկայության աճը հարվածում է Ռուսաստանի այս գլխավոր ռազմաքաղաքական նպատակին»,- ընդգծեց նա:

Քաղաքագետը նշեց, որ այստեղ Ռուսաստանի և մեր շահերը համընկնում են. «Ուստի մենք պետք է աչքի լույսի պես պահենք հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը և դաշինքը, ինչպես նաև պարտավորվածությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, որովհետև այսօր Ռուսաստանի քաղաքական շահերը և ռազմավարական նպատակները համընկնում են Հայաստանի ազգային շահերին, և ինչքան Ռուսաստանը մեծացնի ճնշումը Թուրքիայի վրա՝ նրան Հարավային Կովկասից դուրս մղելու համար, այդքան կթուլանան Ադրբեջանի դիրքերը»,- ասաց նա:

Հարցին՝ այդ տեսակետից մեր դիվանագիտական կողմը ամբողջ ջանքերը գործադրո՞ւմ է, նա նշեց, որ դժվար է այդ մասին խոսելը, քանի որ դիվանագիտությունը գաղտնի պետական գործունեության ոլորտ է, ուստի մանրամասն չեմ կարող ասել:

«Ինչ վերբերում է որպես փորձագետ իմ տպավորությանը, եթե մինչև պատերազմը նկատում էի որոշակի իներտ վերաբերմունք հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ, այժմ իրադրությունը Հայաստանի իշխանություններին արդեն թելադրեց չփնտրել այլընտրանք, որովհետև դա չկա էլ. և՛ ԵՄ երկրները, և՛ ԱՄՆ-ն, և ասիական մյուս՝ մեզ հետ լավ հարաբերություններ ունեցող խոշոր պետությունները, օրինակ՝ Չինաստանը կամ մյուսները, ոչ ոք կոշտ քայլերի չդիմեց ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ: Բնականաբար, այլընտրանք չկար, և Հայաստանի դիվանագիտությունն այսօր ամբողջությամբ ստիպված է ուղղվել դեպի ռուսական կողմը»,- հայտարարեց նա:

Հարցին էլ՝ ի՞նչ պետք է արվի, որ հասնենք հրադադարի, քաղաքագետը հիշեցրեց, որ վերջն մեկ ամսում 4 անգամ հրադադարի հաստատման համաձայնագիր եղավ, բայց չստեղծվեց այդ զինադադարը վերահսկող և նրա գործունեությունը ապահովող մեխանիզմը, բնականաբար, ամեն անգամ զինադադարի կնքումից հետո, այն խախտվել է մի քանի ժամ անց:

«Լավրովը հայտարարություն արեց, որ պետք է գոնե տեղադրել զինվորական դիտորդներ, բայց դա էլ չընդունվեց: Խաղաղապահների տեղակայման տարբերակն էլ է քննարկվում, բայց ցանկացած պետություն, որ խաղաղապահ տեղակայելու ցանկություն վերցնի իր վրա, անհրաժեշտ է նախ, որ ռազմական գործողությունները դադարեն, և պետք է երկկողմանի պարտավորություններ ստանձնեն հակամարտող կողմերը և երկկողմանի խնդրանքով դիմեն այն պետությանը, որը պետք է ստանձնի այդ խաղաղապահ գործունեությունը: Հիմա ո՛չ այն կա, ո՛չ էլ մյուսը»,- ասաց նա և հավելեց։

«Զինադադարը հնարավոր կլինի, եթե գա մի պահ, որ կողմերից մեկն ու մեկը կարիքը զգա այդ զինադադարի, դա էլ այն դեպքում, երբ զգա իր ուժերը ջլատված են և գնում է դեպի պարտության. կարող են լինել տարբեր սցենարներ, երբ երկկողմանի ուժերի հյուծվածություն լինի, երբ որ կողմերից մեկը հասնի հաջողության, կամ լինի շատ հզոր միջազգային ճնշում, կարող են այլ սցենարներն էլ լինել»: