Facebook-ն արգելափակել է Թրամփի աջակիցների 350 000 հոգանոց էջը, որի անդամները դեմոկրատներին մեղադրել են «ընտրությունները գողանալու» համար և հօգուտ Թրամփի փողոց դուրս գալու կոչեր արել

17:47 • 07.11.20

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքն արգելափակել է Stop the Steal («Դադարեցրե՛ք գողությունը») խմբի էջը, որի անդամները գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներն էին և կոչ էին անում հօգուտ իրենց թեկնածուի փողոց դուրս գալ,  հանրահավաքներ կազմակերպել, գրում է USA Today-ը:

Խմբի անդամների պնդմամբ՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը փորձում է «գողանալ նախագահական ընտրությունները»: 

Հատկանշական է, որ ֆեյսբուքյան հարթակում արգելափակված խումբն ունեցել է 350 000 հետևորդ, իսկ ընտրությունների ավարտին հաջորդած երկու օրվա ընթացքում այնտեղ արվել է մոտ յոթ հազար հրապարակում:

Բացի այդ, Facebook-ը նաև արգելափակել է Stop the Steal հեշթեգի կիրառումը:

Սոցկայքն իր որոշումը բացատրել է նրանով, որ վերահիշյալ խումբն ընտրությունների վերաբերյալ անհիմն ապատեղեկատվություն է տարածում:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում դժգոհել է ընտրություններից հետո իր իսկ պնդմամբ իրականացված կեղծիքների մասով և խոստացել դատական գործընթացներ սկսել դրանց առնչությամբ: 

«Այդ բոլոր նահանգներում ընտրություններին հաջորդող ուշ գիշերը ես մեծ առավելություն ունեի, սակայն օրերի ընթացքում այդ առավելությունն առեղծվածային կերպով անհետացել է: Միգուցե, ձայների առավելությունը կվերադարձնենք դատական ընթացակարգերի միջոցով»,- գրել է Թրամփը: 

Խոսելով հայտարարությունների մասին առ այն, որ Բայդենն արդեն իսկ հաղթանակ է տարել ընտրություններում, Թրամփը նշել է, որ նման հայտարարություններ ինքը նույնպես կարող է կատարել և որ դատական ընթացակարգերը դեռ նոր են սկսվում. այսինքն՝ ամեն բան առջևում է: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։