Վրաստանում պարետային ժամ կսահմանվի
Վրաստանում կորոնավիրուսի ախտորոշման դեպքերի թվի կտրուկ աճի հետևանքով իշխանությունները կրկին սահմանափակումներ կիրառելու որոշում են կայացրել. վրացական խոշոր քաղաքներում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով պարետային ժամ կսահմանվի։
Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, այս մասին հայտարարվել է Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հաղորդվում է, որ պարետային ժամը գործելու է ժամը 22.00-ից մինչև առավոտյան 05.00-ը։ Որոշում, որը վերաբերում է Վրաստանի խոշոր քաղաքներից յոթին, ուժի մեջ կմտնի նոյեմբերի 9-ին։
«Երկուշաբթիից Թբիլիսի, Քութաիսի, Զուգդիդ, Բաթումի, Ռուստավի, Գորի և Փոթի քաղաքներում երեկոյան տասից մինչև առավոտյան հինգը կսահմանափակվի հետիոտների, տրանսպորտային միջոցների և սեփական ավտոմեքենաների տեղաշարժը», - հայտարարել է տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։
Հայտնի է, որ այս սահմանափակումները չեն տարածվելու միջազգային փոխադրողների, ինչպես նաև այն անձանց ու տրանսպորտային միջոցների վրա, որոնք տեղաշարժվում են ռազմավարական նշանակություն ունեցող հաստատությունների, բուժհաստատությունների, դեղագործական օբյեկտների և լրատվամիջոցների գործունեության ապահովման համար։










