Բերձորից հարավ հակառակորդը մի քանի անգամ փորձել է առաջ գալ, չի կարողացել և կրել է կորուստներ․ մեր ստորաբաժանումները դիրքային բարելավում են իրականացրել այդտեղ. Արծրուն Հովհաննիսյան
Օրվա ընթացքում Շուշիի հարակից տարածքներից բացի եղել են մարտեր նաև այլ ուղղություններում: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել: Կորցնելով 1-2 միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծերը՝ թողնելով մի քանի դիակներ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Բերձորից հարավ մարտեր են ընթացել, հակառակորդը մի քանի անգամ փորձել է առաջ գալ, չի կարողացել, կրել է կորուստներ։ «Մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ»,-ընդգծեց նա:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են ոչ մեծ մասշտաբի հրետակոծություններ:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ չպետք է մանրամասնել, թե որտեղ ինչ կորուստ ու նահանջ է եղել. «Եթե նշանակալի նահանջ ու բնակավայր ենք կորցնում, դրա մասին հայտնում ենք, բայց եթե դրա մասին իմացել եք ինձնից շուտ, որովհետև ինչ-որ մեկը դրա մասին ասել է ու փախել է այդ տեղամասից, կամ բարեկամն է նման բան փոխանցել իրեն. քանի դեռ վերջին զինվորն այդ տեղամասում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ եղել է նահանջ կամ կորուստ»,-ասաց նա:
Անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գոտուն և Քարվաճառի շրջանին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, ծանր մարտական գործողություններ չեն ընթացել:










