«Պարզապես խայտառակություն է, ծաղր ժողովրդավարության նկատմամբ». Լուկաշենկոն անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին

15:06 • 07.11.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին՝ դրանք «ժողովրդավարության նկատմամբ ծաղր» որակելով և ընդգծելով, որ արևմտյան երկրները կվախենան Վաշինգտոնից նոր ընտրությունների անցկացում պահանջել։

БЕЛТА-ի հաղորդմամբ, այս մասին Լուկաշենկոն ասել է շաբաթ՝ նոյեմբերի 7-ին, բելառուսական ԱԷԿ կատարած այցելությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Նայեք, թե ինչ է կատարվում այդ ընտրություններում։ Սա պարզապես խայտառակություն է, ծաղր ժողովրդավարության նկատմամբ», - նշել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ դեռ կտեսնի՝ ինչպես են մի շարք արևմտյան երկրներ պահանջելու ԱՄՆ-ից նոր ընտրություններ անցկացնել, ինչպես անում էին Բելառուսում կայացած ընտրությունների ժամանակ։

«Ես կարող եմ հենց հիմա պատասխանել՝ կվախենան պահանջել», - նշել է նա։

Պատասխանելով Մինսկի և Վաշինգտոնի հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցին՝ Լուկաշենկոն նշել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ցանկցացած ելքի դեպքում էլ բելառուսա-ամերիկյան հարաբերությունները որևէ կերպ չեն փոփոխվի։

«Ես չեմ սպասում, որ մեր հարաբերություններում իրավիճակը կփոխվի», - ընդգծել է նախագահը։