ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը գումար է հավաքում ընտրությունների հետ կապված Թրամփի դատական հայցերի ֆինանսավորման համար

01:31 • 07.11.20

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն դիմել է դոնորների՝ նվազագույնը 60 միլիոն դոլար հավաքելու նպատակով, որն անհրաժեշտ է նախագահական ընտրություններով պայմանավորված գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած դատական հայցերի ֆինանսավորման համար: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, նշում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Նրանք 60 միլիոն դոլար են ցանկանում»,- հայտնել է կուսակցության դոնորներից մեկը, որը ստացել էր ազգային կոմիտեի խնդրանքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։