Նևադայի դատարանը համաձայնել է արագացնել ձայների հաշվարկը դադարեցնելու պահանջով հանդես եկող հանրապետականների հայցերի ուսումնասիրումը
ԱՄՆ Նևադա նահանգում Լաս Վեգասի շրջանային դատարանի դատավոր Էնդրյու Գորդոնը համաձայնել է արագացնել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ակտիվիստների ներկայացրած հայցերի ուսումնասիրումը: Այս մասին նշում է ТАСС-ը՝ հղում տալով Bloomberg գործակալությանը:
Նշվում է, որ ներկայացված հայցերով ակտիվիստները պահանջում են ժամանակավորապես դադարեցնել նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում փոստով ստացված քվեների հաշվարկը: Հայցվորները նաև համարում են, որ Նևադա նահանգում ընտրողների ստորագրությունները սկանավորող համակարգը կատարյալ չէ և չի կարող ցույց տալ անհամապատասխանությունները:
Գործակալության տվյալներով՝ նահանգի գլխավոր դատախազ Ահարոն Ֆորդը ներկայացված հայցը բնորոշել է որպես «աղբ», իսկ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Էլիասը հայտնել է, որ «հանրապետականները առաջ են քաշում մտացածին մեղադրանքներ կապված քվեաթերթիկների շուրջ մանիպուլյացիաների հետ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։










