Արիզոնա նահանգի իշխանությունները հայտնել են, որ դեռևս 235 հազար քվեաթերթիկ պետք է մշակվի առաջիկա հանգստյան օրերին. որոշ կանխատեսումներով՝ Արիզոնայում Բայդենն առաջ է անցել Թրամփից. ТАСС

06:39 • 07.11.20

Առաջիկա հանգստյան օրերին նվազագույնը 235 հազար ընտրական քվեաթերթիկ պետք է մշակել ամերիկյան Արիզոնա նահանգում (11 ընտրիչ): Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, CNN հեռուստաալիքի եթերում հայտնել է նահանգի պետքարտուղար Քեթի Հոբսը:

«Ներկա պահին չմշակված են մնում մոտ 235 հազար քվեներ, որոնցից 135 հազարը՝ Մարիկոպա շրջանում»,- ասել է նա: CNN-ի գնահատականներով՝ Մարիկոպա շրջանի, որտեղ գտնվում է նահանգի գլխավոր և խոշորագույն քաղաքը՝ Ֆինիկսը,  բնակիչներն իրենց նախապատվությունը տալիս են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին: Նա այստեղ առաջատարն է ընտրողների 50.9 տոկոս ձայներով, իսկ  Թրամփն ունի 47.7 տոկոս ձայն: Նշվում է, որ ընդհանուր առմամբ նահանգի մակարդակով Բայդենը (49,8 տոկոս) նույնպես առաջ է անցնում Թրամփից (48,7 տոկոս):

Ընտրությունների արդյունքում հաղթողի անունը պարզ չէ Նևադայում (6 ձայն), Ջորջիայում (16), Հյուսիսային Կառոլինայում (15), Փենսիլվանիայում (20), Ալյասկայում (3). Արիզոնա նահանգում Բայդենին հաղթող են համարում Fox News հեռուստաալիքը և Associated Press գործակալությունը: Ամերիկյան մյուս ԶԼՄ-ները դեռևս չեն շտապում կանխատեսումներ անել: Թրամփն առաջատար է Ալյասկա և Հյուսիսային Կառոլինա նահանգներում: