Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը. Մարտունու քաղաքապետ
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Այս մասին տեղեկացնում է Մարտունու քաղաքապետը:
«Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










