Գիշերն անհանգիստ ու լարված է եղել Ստեփանակաերտում․ հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ

09:40 • 08.11.20

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։