Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը, քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած. Արցախի ԱԻ պետական ծառայություն

19:07 • 08.11.20

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում  իրադրությունը եղել է կայուն լարված։

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:

Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են  ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ  կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ասկերանի, Քաշաթաղի և  Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը  պահպանվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։