«Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում են ռազմական հանցագործություններն Արցախի բնակչության դեմ». Ա. Բեգլարյանը Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել կոչով (տեսանյութ)

17:27 • 08.11.20

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այս գիշեր Ադրբեջանի կողմից հրետակոծված Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել նոր կոչով։

«Սա Ստեփանակերտի կենտրոնական թաղամասն է, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 8-ի գիշերը:

Հարձակման հետևանքով երաժշտական դպրոց է ավերվել, ինչպես նաև խանութ է Ադրբեջանի կողմիայրվել: Ադրբեջանական ուժերը թիրախավորել են նաև այլ քաղաքացիական կառույցներ Ստեփանակերտում՝ առավել մեծ ավերածությունների հանգեցնելու համար:

Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում են ռազմական հանցագործություններն Արցախի բնակչության դեմ, սակայն միջազգային հանրությունը շարունակում է աչք փակել մարդկության դեմ իրականացվող և ռազմական հանցագործությունների վրա: Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը իր իրավունքների և ազատությունների պահանման համար: Հաշվի առնելով միջազգային հանրության վերաբերմունքը՝ մենք մինչև վերջ կշարունակենք մեր պայքարը: Կույր մի՛ եղեք»,- ասել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։