Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր են նաեւ Մարտունու ուղղությամբ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

18:25 • 08.11.20

Մարտեր են ընթանում նաեւ Արցախի հարավում ու Մարտունու ուղղությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաեւ Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ ենք մղել այսօր։ Այդ հատվածում կա ստաբիլություն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։