Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Սեյրան Օհանյանն այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ և կռվում է զորքի կողքին․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

22:42 • 08.11.20

Լեգենդար զորահրամանատար, Արցախի հերոս, ինձ համար հրամանատար ու ուսուցիչ ռազմի գործում, Շուշին ազատագրած Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք, նաև նրա հրամանատարությամբ, նրա զինակիցների գործը ավարտին կհասցնենք փառքով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ կեղծ է լուրը, թե Սեյրան Օհանյանը վիրավորվել ։ «Այդպիսի բան տեղի չի ունեցել, նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին ու կռվում է»,– ասաց Արծրուն Հովհաննիսյան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։