Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան
Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են ընթանում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այսօր ավելի վաղ ասել էր, որ Շուշիում մարտերը շարունակվում են, մաքրման աշխատանքներ են կատարվում։
«Գիշերը ռմբակոծվել են մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով, անձամբ ես եմ այդքանը տեսել, որ շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- ասել էր Արծվիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










