ԱՄՆ մի քանի առանցքային նահանգներում քվեարկության վերջնական արդյունքները պարզ չեն. Fox News  

19:13 • 08.11.20

ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է մի շարք նահանգներում: Ինչպես փոխանցում է Fox News-ը, Ջորջիա նահանգում 99 տոկոս ձայների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ դեմոկրատ Ջո Բայդենը առավելությունը Թրամփի նկատմամբ մեծացրել է 10 հազար ձայնով: 

Ջորջիա նահանգը ընտրիչների 16 ձայն է ապահովում թեկնածուներին: Շաբաթ Բայդենի առավելությունը Թրամփի նկատմամբ կազմել է 7000 ձայն: Վերջին տվյալներով՝ Բայդենը նահանգում ստանում է 49,5 տոկոս ձայն, Թրամփը՝ 49,3:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առանցքային նահանգներից մի քանիսում դեռևս պարզ չեն վերջնական արդյունքները: Ինչպես օրինակ, Ալյասկա նահանգում հաշվարկվել է քվեաթերթիկների 50 տոկոսը միայն: Ըստ Fox-ի տվյալների՝ ներկա պահին այստեղ առաջատարը Թրամփն է: Վերջնական չեն նաև Արիզոնայի, Նևադայի և Հյուսիսային Կարոլինայի տվյալները:   

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին, որոնց արդյունքներով ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:  

Նախօրեին ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտնել էին, որ հաղթանակն ընտրություններում տարել է Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: