Վրաստանի ընդդիմադիր ուժերն իշխանություններից պահանջել են մինչև 20:00-ն պաշտոնից հեռացնել ԿԸՀ նախագահին
Վրաստանի ընդդիմադիր ուժերն իշխանություններից պահանջել են մինչև 20:00-ն պաշտոնից հեռացնել ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիային, որին մեղավոր են համարում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու գործում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, վերջնագրի մասին կիրակի ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան:
«Թող Իվանիշվիլին («Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար) որոշում կայացնի մինչև երեկոյան ժամը 20.00-ն: Թող նա հեռացնի տիկին Ժվանիային, որը կեղծարար է: Դրանից հետո ընդդիմության ներկայացուցիչները ժողովրդի անունից պատրաստ են հանդիպել Իվանիշվիլիի հետ՝ նոր ընտրությունների անցկացման հետ կապված»,- ասել է Մելիան:
Եթե ընդդիմության պահանջները չկատարվեն, հետագա անելիքների մասին ընդդիմադիրները կհայտնեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ այսօր 15:00-ին Թբիլիսիում և Բաթումիում մեկնարկել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնց համաձայն՝ իշխող կուսակցությունը ստացել է 48.23 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ, խորհրդարան է անցել յոթ կուսակցություն, 2 դաշինք:










