Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի շենքից շարժվել են դեպի ԿԸՀ

21:49 • 08.11.20

Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններից դժգոհ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ, երկրի խորհրդարանի մոտ այսօր բողոքի ակցիա անելուց հետո երթով շարժվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին, ցուցարարները երթով շարժվել են դեպի ԿԸՀ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կոչով:

«Մենք բոլորս որոշել ենք գնալ և պարետային ժամ սահմանել ԿԸՀ-ի համար: Ոչ ոք այնտեղ չի մտնի, ոչ ոք այնտեղից դուրս չի գա, քանի դեռ նոր ընտրություններ չեն նշանակվել»,- ասել է նա կողմնակիցներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները պահանջել էին ԿԸՀ նախագահի հրաժարականը և իշխանություններին ժամանակ էին տվել մինչև 20:00-ն:

Այսօր 15:00-ին Թբիլիսիում և Բաթումիում մեկնարկել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնց համաձայն՝ իշխող կուսակցությունը ստացել է 48.23 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ, խորհրդարան է անցել յոթ կուսակցություն, 2 դաշինք: