Թրամփի կողմնակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպել մի շարք նահանգների կապիտոլիումների մոտակայքում

10:05 • 08.11.20

Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերի 7-ին բողոքի ակցիաներ են կազմակերպել երկրի մի շարք նահանգների կապիտոլիումների մոտ ՝ հրաժարվելով ընդունել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի պարտությունը:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Associated Press-ին:

Գործակալությունը տեղեկացնում է, որ Թրամփի կողմնակիցները վանկարկում էին «սա դեռ վերջը չէ» և «կանգնեցրե՛ք գողությունը»:

Բողոքի ցույցերը անցկացվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ատլանտան, Թալահասին, Օսթինը, Բիսմարկը, Բոյսեն և Ֆինիքսը: Մարդկանց խմբերը տարբեր վայրերում հասել են մի քանի տասնակից մինչև մի քանի հազարի, որոշներն առանց թաքցնելու զենքեր են կրել, որոշ վայրերում, ինչպես Ատլանտայում, բախումներ են տեղի ունեցել:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: