2021-ի բյուջեով նախատեսվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին տրամադրել շուրջ 891 մլն դրամ՝ 3 ծրագրի կատարման համար. Երեմ Սիմոնյան

17:58 • 09.11.20

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2021թ-ի բյուջեն նախատեսված է ուղղել 3 ծրագրերի կատարմանը՝ ՀՀ-սփյուռք գործակցություն, ՀՀ զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավում, հայրենադարձության աջակցության և ինտեգրման ծրագրերը: 

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:

«Դրանք ներառում են 8 միջոցառումներ: Նշված ծրագրերով 2021-ի համար նախատեսված ընդհանուր բյուջեն կկազմի 890 մլն 930 հազար 560 դրամ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ՀՀ-սփյուռք գործակցության ծրագրի նպատակն է սփյուռքահայերին, մասնավորապես՝ երիտասարդությանը ներկայացնել Հայաստանն իր հնարավորություններով, սփյուռքահայ մասնագետներին ներգրավել ՀՀ պետական կառավարման համակարգում՝ նրանց գիտելիքներն ու փորձը ներգրավելու համար: «Ծրագրի շրջանակներում կիրականացվեն 6 միջոցառումներ»,-ասաց Սիմոնյանը: