Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության. Սուրեն Սարումյան (տեսանյութ)

21:59 • 09.11.20

Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ, այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Սարումյանը:

Նա նշեց, որ օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ և կրել է մեծ կորուստներ, մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայող:

«Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում, ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք, հարավարևմտյան հատվածում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել մեկ տանկ և հրետանային միջոցներ»,-ասաց նա:

Սուրեն Սարումյանը նշեց, որ ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են: «Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է  գործողությունների զարգացում որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները և մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ: Այս առումով ցանկանում եմ վստահեցնել, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է գաղտնիության նկատառումներ, այդ իսկ պատճառով նույնիսկ նպատակահարմար չէ խոսել տարածքային ձեռքբերումների մասին»,-ասաց նա և նշեց, որ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն և կոչ արեց հետևել պաշտոնական տեղեկություններին:

«Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները և անվերապահորեն կատարել իր խնդիրները»,- ասաց նա և նշեց զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան:

Սուրեն Սարումյանը նաև հայտնեց, որ հակառակորդը կրկին թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, որը պատերազմական հանցագործություն է:

Սուրեն Սարումյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից դրոշը դնելու վերաբերյալ տարածված տեսանյութին, ասաց. «Երբ Ադրբեջնաի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր և այդ խնդիրը կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որևէ կորստի, գնի հետ, վստահեցնում եմ, որ ցանկացած պատերազմում, ցանկացած պարագայում հնարավոր է , որ մի դիվերսիոն հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և մեկ կամ երկու րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով: Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժանումների գլխովի ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդ կերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձեին»:

ՊԲ ներկայացուցիչն ասաց, որ մարտական գործողությունների ելքը կանխորոշելիս, կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից մարտը դինամիկ գործընթաց է  և ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցմանը, նա նշեց, որ ռուսական ուղղաթիռը կատարել էր թռիչք՝ ուղեկցելով ռուսական բազայի ավտորաշարասյանը և խոցվել է Նախիջևանի կողմից արձակած հրթիռով: