Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, կա 2 զոհ. Ադրբեջանը խոստովանել է, որ ուղղաթիռը պատահաբար խոցվել է իր զինված ուժերի կողմից (տեսանյութ, լուսանկարներ)

20:08 • 09.11.20

21:43

Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատաստ է փոխհատուցում տրամադրել:

20։53

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ՊՆ-ի տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից:

«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,- ասվում է ՊՀ հաղորդագրության մեջ:


20։08

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։