Կարևոր չէ՝ ով է քվեարկում, կարևոր է՝ ինչպես են ձայները հաշվվում․ Թրամփի հաղթանակը կանխատեսած բրիտանացի սոցիոլոգը խոսել է ԱՄՆ ընտրություններում խարդախությունների մասին

13:16 • 09.11.20

Իոսիֆ Ստալինն ասել է․ կարևոր չէ՝ ով է քվեարկում, կարևոր է՝ ինչպես են ձայները հաշվվում․ հանգուցյալ բռնապետի դիտողությունը ճշմարտացի է հնչում ԱՄՆ նախագահական ընտրությունների պարագայում, բրիտանական Express թերթի համար հոդվածում գրում է Ժողովրդավարության ինստիտուտ (Democracy Institute) սոցհարցումներ իրականացնող ընկերության տնօրեն Պատրիկ Բեշեմը, որը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգների աշխատանքին, նշում է, որ «եթե հաշվի առնենք քվեաթերթիկների կեղծումը, ապա սոցիոլոգների մեծ մասն ակնհայտորեն ձախողել է։ Եթե հաշվի չառնենք կեղծ քվեաթերթիկները, սոցիոլոգների մեծ մասը ձախողվել է տպավորիչ մասշտաբով»։

Բեշեմը նշում է, որ բրիտանական Ժողովրդավարության ինստիտուտի սոցիոլոգները, որոնք կանխատեսել էին գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը, վստահ են իրենց՝ 2020 թվականի ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ ճիշտ կանխատեսումներում՝ մատնանշելով մյուս սոցիոլոգների ձախողման պատճառները։

Նրա խոսքով՝ սոցիոլոգները հենվել են գրանցված ընտրողների հարցումների վրա, սակայն հարցվածների մեկ երրորդն իրականում չի քվեարկել, մինչդեռ Ժողովրդավարության ինստիտուտը միայն հարցումներ է իրականացրել այն մարդկանց շրջանում, որոնք իսկապես քվերակելու էին ընտրություններում։

Բեշեմը նաև նշում է, որ սոցիոլոգների մեծամասնությունը ենթադրում էին, որ «միլլենիալների» (1980-ից հետո ծնված սերնդի ներկայացուցիչները), կանանց և փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում շատերը կքվեարկեն դեմոկատների օգտին և այդ սխալ ենթադրությունը հիմք են ընդունել իրենց վերջնական արդյունքների համար։

Ինչպես նշում է Բեշեմը, սոցիոլոգները նաև հրաժարվել են ընդունել Թրամփի «ամաչկոտ ընտրազանգվածի» (մարդիկ, ովքեր հրապարակայնորեն չեն աջակցում Թրամփին, սակայն քվեարկում են նրա օգտին) առկայությունը՝ պնդելով, որ այս տարի նրանց թիվը 2016-ի համեմատ ավելի մեծ էր։ 

Ժողովրդավարության ինստիտուտի սոցիոլոգների կանխատեսումների համաձայն՝ Թրամփի օգտին պետք է քվերակեր լատինամերիկացիների մեծ մասը, հատկապես Ֆլորիդայում, Արիզոնայում և Նևադայում, Թրամփի օգտին են քվեարկել նաև հրեա ընտրողները, ինչը այլ սոցիոլոգներ անտեսել են։

Բեշեմի խոսքով՝  դեռևս շաբաթներ առաջ իրենք Այովայում և Օհայոյում կանխատեսել են Թրամփի վստահ, իսկ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում, ինչպես նաև Արիզոնայում և Նևադայում կայուն հաղթանակները՝ նախօրորք նշելով, որ եթե հիշյալ վայրերում Բայդենը Թրամփի հանդեպ հաղթանակ տանի չնչին առավելությամբ, ապա դա կարող է տեղի ունենալ միայն խարդախության դեպքում։

Նա նաև նշում է, որ առկա են ընտրակեղծիքների հետ կապված մի շարք ուղղակի և անուղղակի ապացույցներ՝ վկայակոչելով ընտրությունների գծով առաջատար վերլուծաբան Ռոբերտ Բարնսի խոսքերն այն մասին, որ «ընտրությունների ելքի համար կարևոր համարվող նահանգներում, որոնք ղեկավարվում են դեմոկրատ նահանգապետների կողմից, ձայների թիվն անգամ գերազանցել է գրանցված ընտրողների թիվը»։

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել: