Թրամփը որոշել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկել ոչ ավանդական ճանապարհով՝ մեծամասշտաբ հանրահավաքներով և դատական գործընթացներով. Fox News

15:46 • 09.11.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկել ոչ ավանդական ճանապարհով՝ մեծամասշտաբ հանրահավաքներ անցկացնելով և դատական գործընթացներ սկսելով, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Հանրահավաքների հետ մեկտեղ Թրամփը նաև ծրագրում է որպես ապացույց օգտագործել բազմաթիվ հաղորդումներն այն մասին, որ ընտրություններում քվեարկել են մահացածները:

Սպիտան տան ղեկավարը և նրա թիմը ընտրողների զանգվածային կեղծումների համար դատական հայցեր են ներկայացրել Փենսիլվանիայում և շարք այլ կարևոր նահանգներում։

Հեռուսատաալիքը նաև նշում է, որ Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա և Նևադա նահանգներում ընտրական հանձնաժողովների բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները, հայտարարել են, որ քվեարկության ընթացքում ոչ մի անօրինական գործունեության դեպք չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել:

Դեռևս նոյեմբերի չորսին Թրամփը հայտարարել էր, որ վերընտրվել է, իսկ իր մրցակից Բայդենը «խարդախություններ է անում», որպեսզի չընդունի պարտությունը:

«Անկեղծ ասած՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում: Հիմա մեր նպատակն է ի շահ երկրի ապահովել ընտրությունների արդյունքների ամբողջականությունը: Սա շատ կարևոր պահ է: Ակնհայտ է, որ մեր երկրի նկատմամբ խոշոր խարդախություն է իրականացվել»,-Սպիտակ տանը հայտարարել էր Թրամփը: