Բելառուսում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել կիրակի տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում
Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 1000 մարդու կիրակի Մինսկում և մի քանի այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով իշխանությունների կողմից չգրանցված իրավապաշտպան «Վեսնա» կենտրոնին:
Կենտրոնի կայքում հրապարակվել են ձերբակալված ցուցարարների անունները, որոնցում թվով 1003 մարդու անուն կա: Ճնշող մեծամասնությունը գտնվում է Մինսկում, մի քանիսը Բոբրույսկում են, Վիտեբսկում, Ժլոբինում, Գոմելում և Լյախովիչում:
«Ժողովրդի իշխանության երթ» անունը կրող ընդդիմության ցույցի մասնակիցները Մինսկում կիրակի չեն կարողացել մեկ ընդհանուր շարասյուն կազմել: Ակցիան վեր է ածվել ցրված խմբերի ցույցի, որին մասնակցում էր մի քանի հազար մարդ, որոնք հավաքվել էին Բելառուսի մայրաքաղաքի տարբեր փողոցներում: Նրանց ակտիվորեն ձերբակալել են իավապահ մարմինների աշխատակիցները:










