«Աշխատում ենք պարզել, թե ինչպես է այդ արտադրանքն օգտագործվել, և կորոշենք՝ ինչ քայլեր ձեռնարկել». ամերիկյան Xilinx ընկերությունը թուրքական անօդաչուներում կիրառվող միկրոսխեմաների մասին

21:10 • 09.11.20

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հայտնել է, որ նամակ է ստացել ամերիկյան Xilinx, Inc. ընկերությունից, որում ընկերությունը ցավակցություն է հայտնում հայկական կողմին, քանի որ իրենց արտադրանքները, որոնք կիրառվել են թուրքական Roketsan Missiles ընկերության կողմից, ներկա պահին օգտագործվում են Հայաստանի և Արցախի բնակչության դեմ։ 

«Մենք վերջերս տեղեկացել ենք, որ Xilinx-ի միկրոսխեմաներն օգտագործվել են հայ քաղաքացիների դեմ օգտագործվող անօդաչուներում: Xilinx-ը խստիվ դատապարտում է այս բռնությունը: Մեր սրտերը Հայաստանի ժողովրդի հետ են: Եվ մենք շարունակում ենք աջակցել Հայաստանում մեր աշխատակիցներին այս ագրեսիայի ժամանակ:

Xilinx-ի տեխնոլոգիաները վաճառվում են տասնյակ հազարավոր հաճախորդների և գործընկերների ավելի քան 60 երկրում, ինչպես նաև վաճառվում են գործընկերների և առցանց վաճառք իրականացնողների միջոցով: Մենք ներգրավված չենք առանձին ընկերությունների կողմից տեխնոլոգիաների կիրառման գործում: Մենք աշխատում ենք՝ պարզելու համար, թե ինչպես է այդ արտադրանքն օգտագործվել և որոշում կայացնել, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։