«Չի համապատասխանում իրականությանը». Թրամփի շտաբում հերքել են տեղեկությունն առ այն, որ նախագահի ընտանիքի անդամները հորդորել են ընդունել ընտրություններում պարտությունը

10:03 • 09.11.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլերը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե նախագահի փեսա և համատեղությամբ նաև նրա խորհրդական Ջարեդ Քուշները խորհուրդ է տվել Սպիտակ Տան ղեկավարին ընդունել պարտությունը նախագահական ընտրություններում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Քուշների նման առաջարկի մասին հաղորդել էր CNN հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում էր, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ևս նման խորհուրդ էր տվել, մինչդեռ նախագահի որդիները` Դոնալդ կրտսերն ու Էրիկը կոչ են արել չհանձնվել։

«Այս պատմությունը չի համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով բազմաթիվ նահանգներում ընտրությունների անորոշ արդյունքները, ձայների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած լուրջ խախտումները, ինչպես նաև այլ նահանգներում թափանցիկության բացակայությունը՝ Ջարեդը խորհուրդ է տվել Թրամփին բոլոր հնարավոր օրինական միջոցներով հասնել ճշգրտության ապահովման», - գրել է Միլերն իր թվիթերյան էջում։

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը, հղում ավելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը պատրաստ է ընդունել իր պարտությունն ընտրություններում, սակայն միայն իր շտաբի նախաձեռնած իրավական գործընթացների անհաջող ավարտի դեպքում։

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Դրանց արդյունքներով ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:

Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: