«ԱՄՆ-ում փոստի միջոցով քվեարկությունը կեղծումների համար անծայրածիր սահմաններ է բացում». ՌԴ ԿԸՀ նախագահը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին

12:07 • 09.11.20

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին, կարծիք է հայտնել առ այն, որ «փոստի միջոցով տեղի ունեցած քվեարկությունն ընտրություններում հնարավոր կեղծիքների համար անծայրածիր սահմաններ է բացում», ուստի՝ քվեարկության այս տարբերակից Ռուսաստանում որոշել են հրաժարվել:

Պամֆիլովան այս մասին ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Ժամանակին մանրակրկիտ ուսումնասիրել եմ ԱՄՆ-ում փոստով քվեարկության փորձառությունը և ինձ համար միանշանակ եզրահանգման եկել. ամերիկյան տարբերակով այդ անաքրոնիզմը հնարավոր կեղծումների, այդ թվում՝ բազմակի քվեարկության, ոչ շահեկան թվեաթերթիկների կորստի, մեռած հոգիների քվեարկության, քվեարկության ամբողջ գործընթացի համակարգային վերահսկման բացակայության և շատ այլ բաների համար անծայրածիր սահմաններ է բացում»,-ասել է պաշտոնյան:

Վերջինս ընդգծել է, որ հաշվի առնելով այդ ամենը՝ հրաժարվել է ՌԴ-ում փոստով քվեարկություն անցկացնելու գաղափարից՝ չնայած ռուսական օրենսդրությունն այն ենթադրում է:

«Եվ պարզվեց, որ ճիշտ էի. այն, ինչ հիմա կատարվում է ԱՄՆ-ում, դրա լավագույն ցուցադրությունն է: Օրինակ՝ Տանը քվեարկության ԱՄՆ ազգային ինստիտուտը պնդում է, որ փոստով քվեարկության դեպքում երկրի 32 նահանգներում բացակայում են քվեարկության անվտանգ գործընթացի ապահովման անհրաժեշտ միջոցառումները: Դրանցից  15-ում նույնիսկ ընտրողների հասցեների ստուգման գործընթացներ չկան, իսկ 17-ում չի գործում ստորագրությունների ստուգման համակարգը»,-եզրափակել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել: