Կարևոր է, որ փաստահավաք զեկույցները ներկայացվեն բանակցություններում, դրանցում առկա տեղեկատվությունը մեծ նշանակություն ունի կոնֆլիկտի լուծման համար․ Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության շրջանում իրականացված հարձակումները կարող են միջազգային հետաքննության առարկա դառնալ, որովհետև քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումներն այդ զինատեսակների օգտագործմամբ արգելված են, դրանք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք միջազգային հետաքննության առարկա կարող է դառնալ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը և ահաբեկիչների ներգրավվածությունը Արցախյան պատերազմում:
«Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու, հետաքննություններ նախաձեռնելու տեսանկյունից ստեղծվել են իրավիճակային հանձնաժողովներ, որոնք իրականացնում են իրենց փաստահավաք առաքելությունը, և այդ տվյալներն ամփոփոխ զեկույց է ներկայացվում, որը որպես կանոն ուղղված է լինում ՄԱԿ-ի ԱԽ-ին, որպեսզի միջազգային քրեական դատարանին գործեր հղելու միջոցով այն հանձնառի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար անձերի քրեական պատասխանատվությունը»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է զուտ քաղաքական պատասխանատվությանը, ապա Սահակյանը նշեց, որ նման պարագայում այս ապացույցները կարող են անմիջականորեն ներկայացվել միջազգային կառույցներին, որոնք կուսումնասիրեն, կիրականացնեն ստուգողական գործողություններ, դրանից հետո հանդես կգան դատապարտող կոչերով, դրանց չհետևելու և գործընթացը չկանխելու պարագայում, ինչու ոչ, ձեռնամուխ լինեն այլ պատժամիջոցների կիրառմանը»:
Հարցին, թե ինչո՞ւ նման նախաձեռնություն դեռևս չկա, փաստերը բավարար քանակով չեն հավաքագրվե՞լ, թե այդ գործընթացը երկար ժամանակ է պահանջում, Սահակյանը նշեց, որ փաստերը բավարար են, ուղղակի կարևոր է, թե ինչպե՞ս են այդ փաստերը ամրագրվում, քանի որ, ըստ նրա, միջազգային կաոույցները ավելի մեծ մասշտաբայնություն ունեցող դրվագներում են ներգրավված, օրինակ՝ Լիբիա, Սուդան. «Հաշվի առնելով, որ հարյուր հազար հայերի շրջանում կան բնակչության հարկադիր տարհանումներ, քաղաքացիական բնակչության շրջանակում զոհերի և վիրավորների քանակը գերազանցում է 200-ը, առանձին տեսակի հանցագործություններ են կատարվում գերիների և ռազմագերիների նկատմամբ, նաև մարտի դաշտում ընկած զինծառայողների դիակների հետ կապված, դա բավարար է՝ խոսելու մարդու իրավունքների մասշտաբային խախտումների մասին»։ Ըստ Սահակյանի՝ դրական ազդակ էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը, որն արձանագրեց ԼՂ հակամարտության շրջանակում պատերազմական հանցագործությունների առկայությունը։
Դիտարկմանը, եթե հետագայում գործընթացներ նախաձեռնվեն, այդ փաստաթուղթը կարո՞ղ է ներկայացվել բանակցային սեղան և այն ի՞նչ դեր կարող է ունենալ բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարել էին, որ ահաբեկիչներ են ներգրավված պատերազմում, Սիրանուշ Սահակյանը նշեց. «Կարևոր է, որ փաստահավաք զեկույցները ներկայացվեն բանակցություններում, դրանց տեղեկատվությունը մեծ նշանակություն ունի նաև կոնֆլիկտի լուծման, գործողությունների օրինականության տեսանկյունից և նման կարևոր տեղեկատվության կորուստը անթույլատրելի է»:
Նրա խոսքով՝ փաստերի հավաքագրումը կարող են իրականացնել հասարակական կազմակերպությունները: Նմանատիպ կարևոր առաքելություն իրականացնում Արցախի և Հայաստանի ՄԻՊ-ը. «Պաշտպանական գերատեսչությունը և արտաքին քաղաքականության գերատեսչությունը պետք է հետամուտ լինեն, որպեսզի այդ փաստերը ամբողջացվեն և հայտնվեն իրենց ձեռքերում, որից հետո ճիշտ խողովակներով ներկայացվեն միջազգային հանրությանը: Միջազգային հումանիտար իրավունքի փաստագրված խախտումներ կան և եթե դրանք լավ փաստագրված չլինեին, Եվրոպական դատարանը որոշումներ չէր կայացնի»:










