Թբիլիսիում ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց. այն կշարունակվի վաղը
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիան ավարտվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:
«Քաղաքական առաջնորդների կոչից անմիջապես հետո ակտիվիստների մեծ մասը սկսել է լքել տարածքը»,- հաղորդում է հեռուստաընկերությունը:
Վրացական «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան լրագրողներին հայտնել է, որ ցույցը կշարունակվի երկուշաբթի առավոտյան, այդ ժամանակ, իր խոսքով, իրենք հստակ ծրագրերի վերաբերյալ որոշում կկայացնեն:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Վրաստանի ոստիկանությունը երկրորդ անգամ է երկրի ԿԸՀ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար ջրցան կիրառել:
Արդեն հայտնել էինք, որ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել Թբիլիսիում ԿԸՀ շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքին:
Աղբյուրի տվյալներով՝ գազի կիրառման մասին ցուցարարներին ոչ ոք չէր զգուշացրել: Դեպքի վայրում հավելյալ ջրցան մեքենաներ են տեղակայել: Հատուկջոկատայինները նախազգուշացնում են ցուցարարներին հետևանքների մասին, եթե չհեռանան:
ՆԳՆ-ն միաժամանակ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ցուցարարների դեմ համաչափ ուժ է կիրառվել, «քանի որ ակցիայի մասնակիցները բռնի մեթոդների են դիմել և չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները բողոքի ցույց են իրականացրել խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև շարժվել դեպի ԿԸՀ՝ պահանջելով նոր ընտրություններ նշանակել:










