Տեսալսողական մեդիայում ռազմական դրության խախտումների հետ կապված հակված չենք պատիժներ կիրառել. Տիգրան Հակոբյան
Տեսալսողական մեդիայում ռազմական դրության խախտումների հետ կապված մենք պատժելու մտադրություն չունենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Կարող են ինչ-որ սխալներ արվեն, բայց մենք պատժելու, սադրիչ գործողությունների մտադրություն չունենք: Յուրաքանչյուր սխալից հետո ոստիկանությունը կարող է գնալ և տուգանքը սահմանել, բայց մենք այդպիսի բաներ չենք անում: Մենք զանգահարում ենք, բացատրում ենք, հեռուստաընկերությունների իրավաբանները կարող են գալ մեզ մոտ, նստել, պայմանավորվել և դրանով մենք նույնիսկ նվազեցնում ենք սխալների հավանականությունը, որովհետև շատ ժամանակ այն մտածված չի լինում: Մարդիկ են, 24 ժամ աշխատում են և մենք հակված չենք պատիժներ կիրառել»,- նշեց նա:
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այս ընթացքում դադարեցվել է միայն մեկ հաղորդման հեռարձակում, որը սակայն կապ չի ունեցել ռազմական դրության խախտման հետ. «Նույնիսկ եթե ռազմական դրություն չլիներ, այն կզրկվեր այն բովանդակության համար, որը ենթակա է պատժման: Մենք կարգավորում ենք միայն տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներին: Այնտեղ գրեթե ռազմական իրադրության խախտումներ չկան: Եթե դուք նկատել եք, բոլոր տուգանքները կամ զգուշացումները գնում են ինտերնետ կամ տպագիր մամուլ: Մենք այդ խնդիրը չունենք: Վերահսկողական մեխանիզմները թույլ են տալիս, որ մենք շատ արդյունավետ միասին աշխատենք»:










