ԼՂ-ի վերաբերյալ համաձայնագիրը կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները և կնպաստի հակամարտության լուծմանը. Ժոզեպ Բորել

23:51 • 10.11.20

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը կարող է տարածաշրջանում համապարփակ կարգավորման քայլ դառնալ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տարածված հայտարարության մեջ։

«Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որը ստորագրվել է երեքշաբթի Հայաստանի և Ադրբեջանի կողմից, կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները և, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», - նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: