ԼՂ-ում հրադադարը խախտելու դեպքում ԵՄ-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ․Ֆրանսիայի ԱԳ նախարար

21:52 • 10.11.20

Թուրքիան պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանները, հակառակ դեպքում ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նիստում, փոխանցում է tass.ru-ն։

«Մենք կարևոր ենք համարում, որ Թուրքիան լիովին պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ հակառակ դեպքում նա կարող է բախվել խիստ պատժամիջոցների», - հայտարարել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով պատգամավորին Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա Թուրքիայի ազդեցության մասին հարցին:

Նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողովը կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվեն նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

«Ավելի վաղ հանրակցության 27 երկրներ արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ասել է նա՝ ընդգծելով, որ ինքը բազմիցս բարձրաձայնել է Թուրքիայի ռազմատենչ և անթույլատրելի պահվածքի մասին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: