Հանդիպումներ եմ ունեցել քաղաքական ուժերի, ռազմական գործիչների հետ, բոլորը միակարծիք էին, որ պետք է կնքվի զինադադար, մենք օրերի ընթացքում կորցնելու էինք ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

11:01 • 10.11.20

Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին: Կողմ եմ, որովհետև հուսահատված չեմ, եթե հուստահտաված լինեի կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ամեն ինչ առջևում է, Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր են ունեցել պատմության մեջ, բայց կարողացել են ինչ-որ տեղ հետագայում իմաստուն որոշումներ կայացնել՝ ճիշտ ճանապարհով ընթանալով և նաև հաջողություններ արձանագրելով»,- ասաց նա և հավելեց,

«Իսկ ո՞վ է ասել, որ սրանով ավարտվում է ամեն ինչ, սրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար պետք է համերաշխություն, համերաշխություն Հայաստանում, Արցախում, հայ ժողվորդի մեջ, մեր ամենամեծ հակառակորդը եղել է  պառակտումն ու  խուճապը: Համազգային խնդիրները դեռևս առջևում են, մեր տեսիլքը դեռևս չի մարել, մենք ունենք երազանք, երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և  զերծ մնալ այնպիսի երևույթներից, որը հարիր չէ մեր ազգին, ժողովրդին»:

Արցախի նախագահը կրկնեց, որ ամեն ինչ նոր է սկսվում: Նա նշեց, որ չի ցանկանում բացել փակագծերը և ասաց, որ մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է և պետք է մտածել ու գնահատել հետո նոր միայն որոշումներ կայացնել:

Նա նշեց, որ բոլոր ուժերի հետ շփվել է, սկսել է կոնսուլտացիաներ, հանդիպումներ է ունեցել և հավելեց, որ բոլորը պատրաստակամ են համագործակցել: «Այսօր արդեն հանդիպել եմ ՀՅԴ-ի, Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների՝ Լևոն Մնացականյանի, Արթուր Աղաբեկյանի հետ. կարող է մոռացա անուններ, քաղաքական ուժեր, բայց ուզում եմ նշել, որ եկել ենք համաձայնության, որ ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջևում են, պետք է միասին կայացնենք»,- ասաց նա:

Հարությունյանը կոչ արեց սթափվել, քանի որ քաղաքացիական պատերազմը, անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք է մեր երկրին, ոչ միայն Արցախ աշխարհին, այլ Հայաստան աշխարհին:

Նա նշեց, որ բոլոր ուժերը միակարծիք են եղել՝ փորձել ժամանակավոր կամ մշտական զինադադար ունենալ: «Բոլորն անխտիր, չի եղել մեկը, որ ասի՝ ոչ մենք շարունակում ենք պատերազմը, որովհետև բոլորը տեսնում էին, որ չկա այդ ռեսուրսը, բայց բոլորն էլ համակարծիք էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը, դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադարար ունենալը և պարտավոր էինք գնալ այդ քալին՝ փրկելու ամբողջ Արցախը, որովհետև մենք օրերի ընթացքում կորցնելու էինք ամբողջ Արցախը, հաստատ տեմպերն այդպիսին էին և կորցնելու էինք շատ-շատ մարդկային կյանքեր»,- ըդնգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: