Չպետք է թույլ տանք, որ ներսում քաղաքացիական պատերազմ սկսվի՝ չնայած ամենատարբեր պառակտող հայտարարություններին. Շաքե Իսայան

19:02 • 10.11.20

ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության տակ միայն ԲՀԿ խմբակցությունն է իր ստորագրությունները դրել, ԼՀԿ-ից և «Իմ քայլից» դեռ արձագանք չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«Դիմել ենք «Լուսավոր Հայաստան», «Իմ քայլը» խմբակցությունների մեր գործընկերներին, որպեսզի իրենք ևս արձագանքեն, եթե տեսնում են անհրաժեշտություն արտահերթ նիստի համար: Մյուս խմբակցություններից դեռ չեն արձագանքել: 33 ստորագրություն է ընդհանուր առմամբ անհրաժեշտ, որպեսզի արտահերթ նիստ հնարավոր լինի հրավիրել: Որքան էլ որ ունենք տարբեր քաղաքական հայացքներ և հիմա գուցե էմոցիոնալ ֆոնը շատ մեծ է, բայց մենք պետք է հավաքվենք նիստերի դահլիճում, քաղաքակիրթ մարդկանց նման քննարկենք և առաջ շարժվենք, որովհետև հիմքում դրված է մեր պետականության խնդիրը»,- ասաց նա:

Շաքե Իսայանի խոսքով՝ արտահերթ նիստի ընթացքում ԲՀԿ-ն պատրաստվում է քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:

«Խորհրդարանական երկրում խորհրդարանական խմբակցությունները որևէ տեղեկատվության չեն տիրապետում և միանգամից տեսնում են նման հայտարարություն վարչապետի կողմից: Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում: Նախկինում վարչապետը հայտարարում էր, որ մեր երկրում 3 մլն վարչապետ կա, Արցախի հետ կապված որևէ որոշում նախապես կքննարկի ժողովրդի հետ հրապարակում և նոր որոշումը կկայացնի, բայց այդ ամենը փաստորեն տեղի չի ունեցել, ու հիմա մեզ մոտ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն ուզում ենք ստանել, թե ինչու այդպես չեղավ: Այսպես փախեփախ իրավիճակում չենք կարող հարցերին լուծում տալ»,- նշեց պատգամավորը:

Արցախի հարցով հայտարարության հրապարակումից հետո, երբ քաղաքացիները հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքերի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու որոշման վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նմանատիպ գրառումներ էր կատարել. «Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել», «Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել և պարզել նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ»:

Շաքե Իսայանն այս հայտարարությունները շատ վտանգավոր է համարում: Ըստ նրա՝ իշխանությունը շարունակում է հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու գործելաոճը:

«Ես շատ ցավում եմ, որ անգամ այս իրավիճակում, երբ բազմահազար խնդիրների առաջ ենք կանգնած, և ամենաքիչն է մեզ հետաքրքրում ներքին պառակտումը, վարչապետը շարունակում է նույն սկզբունքը, ինչն սկսել է իրենց իշխանության առաջին օրվանից՝ հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, պառակտել և այդպես շարունակ: Դա մեզ համար անընդունելի է այս պահին ավելի, քան երբևէ»,- ասաց նա:

Պատգամավորը նաև չբացառեց քաղաքացիական պատերազմի վտանգը. «Ոչինչ չի կարելի բացառել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր գործընթացները տեղավորվեն օրինականության շրջանակում, որևէ հակաօրինական գործողություն չլինի, և որպես օրենսդիրներ՝ պետք է փորձենք ամեն ինչ կազմակերպել համերաշխության, միասնության մթնոլորտում: Ի վերջո, մենք բոլորս մեկ նպատակ ունենք և դրա համար պետք է պայքարենք: Եվ որևէ տարբերակում թույլ չպետք է տանք, որ ներսում քաղաքացիական պատերազմ սկսվի՝ չնայած ամենատարբեր պառակտող հայտարարություններին»: