«Ինքս եմ ընդունել, որ հայտարարության բովանդակությունը լավը չէ մեզ համար». Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու մինչ փաստաթղթի ստորագրումը հանրությանը չի ներկայացվել բովանդակությունը

12:10 • 10.11.20

Կա որոշակի հանրային քննարկում, թե ինչու ստորագրվող հայտարարության  մասին նախապես չի եղել հանրային տեղեկացում. դրա համար կա շատ կոնկրետ պատճառ: Առաջինը՝ ես ինքս եմ ընդունել, որ այդ հայտարարության բովանդակությունը լավը չէ մեզ համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերացրեք իրավիճակ, երբ այդ բովանդակությունը ներկայացվում է և արդյունքում ինչ-ինչ պատճառներով չի ստորագրվում: Դա շատ բացասական հետևանք կունենար մեր մարտունակության վրա: Այսինքն՝ եթե չստորագրվեր, և օրինակ, ռազմական գործողությունները դադարեցնելու որոշում կայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը գոնե ռազմական գործողությունների դադարեցման չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել»,-ասաց Փաշինյանը:

Մյուս պատճառը, նրա խոսքով, այն է, որ երբ հանրությանը ներկայացնում ես բովանդակությունը, պետք է բացատրես նաև՝ ինչու ես այդպիսի բան անում. «Եթե դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, դրանով նաև հակառակորդի համար բացահայտում ես քո որոշակի թույլ տեղերը, և եթե հանկարծ չի ստորագրվում, կամ հակառակորդը քո թույլ տեղերն իմանալով առավելություն է ստանում, դա ինչ-որ առումով ազդում է հետագա պրոցեսների, և, ընդհանրապես, պաշտպանունակության և մարտունակության վրա»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը։