25 տարի բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան՝ 7 շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին. չենք կարողացել ճշգրտել՝ ինչ է նշանակում ազգերի ինքնորոշում, ԼՂ կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան
Ինչու սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով հրադադար կամ զինադադար չի կնքվել. մի պարզ պատճառով՝ սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե զինադադար էինք խնդրում, այն կարող էր բավարարվել կամ ընդունվել միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով, իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ ԱՀ ՊԲ-ն, հայ ժողովուրդը, մենք բոլորս կկարողանանք այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի հարցում, այլ մենք կկարողանանք պարտադրել հրադադար, ինչը, ցավոք սրտի, տեղի չունեցավ»,-ասաց նա՝ նշելով, թե չէին կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհն է:
«Որոշեցինք, այնուամենայնիվ, գնալ նման քայլի շատ պարզ պատճառով․ որովհետև բանակի զեկույցները, կարծիքը, գնահատականները լսելով՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր, և ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար՝ 5 տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման:
«Սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է, ընդ որում՝ բանակցային գործընթացում այդ իրավիճակն այնքան երկար էր ձգվել, որովհետև 94-95-ից սկսած՝ բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին: Սա բանակցային գործընթացի միակ շատ հստակ ձևակերպումն է եղել, որը 94-ից ի վեր անընդհատ բանակցություններում ներկա է եղել: Մնացած որևէ բան որոշակի չի եղել»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ 25 տարի շարունակ չենք կարողացել բանակցային գործընթացում ճշգրտել՝ ինչ է նշանակում ազգերի ինքնորոշում, ԼՂ կարգավիճակ: «Բանակցային գործընթացում հստակ եղել է մի բան՝ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: ԼՂ կարգավիճակի կամ ազգերի ինքնորոշման մասին նշումը դարձել է տարածական: Բանակցությունների ընթացում միակ բանը, որը չի վիճարկվել ու միևնույն ժամանակ եղել է առարկայական, եղել է տարածքների հանձնումը Ադրբեջանին: Մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, որ այս անառարկելի դրույթն արդեն իսկ 25 տարի եղել է բանակցային գործընթացի առաջնահերթություն»,-ասաց Փաշինյանը:
Վերջինիս կարծիքով՝ անընդհատ խուսանավելով, այս ու այն կողմ տանելով, ինչ-որ ձևերով հայկական կողմն այդ հարցը հետաձգել է, բայց բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել 1, 5, 15, 20 տարի, բայց, ի վերջո գալիս է պահը, երբ ձևավորվում է այսպիսի մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, որ քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ հարց է, և սեղանին ունենք մի կանկրետ հարց՝ տարածքների հանձնում, կլուծենք այդ կոնկրետ հարցը, հետո կանցնենք մնացած հարցերին: «2018 մայիսի դրությամբ սա եղել է կոնսենսուս համանախագահների միջև: 2018-ից առաջ, 2016-ին նույնիսկ սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր»,-նշեց նա:
Վերջինս ասաց նաև, թե պատերազմից առաջ փորձել են բանակցային այս տրամաբանությունը փոխել, չհանձնվել, անել ամեն ինչ, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամ կարգավիճակի ճշգրտումը հասնի առնվազն այն որոշակիությանը, որը ունի տարածքների հանձնման հարցը:
«Այս պայքարն է, որ ի վերջո բերել է պատերազմի: Արդյո՞ք գիտեինք, որ կարող է լինել պատերազմ, արդյո՞ք պատրաստվում էինք այդ պատերազմին, իհարկե պատրաստվում էինք: 2018-ի հուլիսը ցույց տվեց, որ ԶՈւ-ն պատրաստ է Ադրբեջանի դեմ պատերազմել, Ադրբեջանն էլ տեսավ, որ իր ԶՈւ-ով չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմում, դրա համար Թուրքիան վարձկաններ ներգրավելով և ինքն էլ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ՝ ստեղծեց մի իրավիճակ, երբ հայկական բանակը միանգամից կռվում է 3 ուժի դեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:










