Պուտինը Էրդողանի հետ քննարկել է ԼՂ հարցով Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները

23:28 • 10.11.20

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են ս.թ. նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «երկու երկրների ղեկավարները կարևորել են լիակատար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել ռազմական գործողությունները, և պայմանավորվել են հետագայում սերտ փոխգործակցության մասին՝ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների համալիրի իրագործման համատեքստում»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: