Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հարցով նոր աշխատանքային խմբի մասին հաղորդագրությունները

21:36 • 10.11.20

ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ դիվանագիտական գերատեսչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ, գրում է tass.ru-ն։

«Ռուսաստանի ԱԳՆ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու համար որևէ երկկողմ ձևաչափեր ստեղծելու մասին ոչինչ հայտնի չէ»,- ընդգծել է դիվանագետը:

Իգոր Պոպովի խոսքով՝ «Ռուսաստանը շարունակելու է ելնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների չեզոք դերից, որը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը հույս է հայտնել, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի հարատև և լիարժեք կարգավորման համար՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: