«ԼՂ խաղաղապահներ մտցնելու որոշումը կնպաստի հակամարտության վերջնական կարգավորմանը». Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ

13:13 • 10.11.20

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելու որոշումը կնպաստի հակամարտության  վերջնական կարգավորմանը, Ռուսաստանն այս իրավիճակում գործել է որպես արդյունավետ միջնորդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների ներդրման մասին համաձայնագրի ստորագրումը, վստահ եմ, կնպաստի հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորմանը: Ռուսաստանը կրկին գործում է որպես արդյունավետ միջնորդ հետխորհրդային տարածքում ամենաարյունահեղ հակամարտությունները լուծելու գործում»,-ասել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ հիմնական խնդիրն է դադարեցնել մարդկանց մահը և շարունակել դիվանագիտական կարգավորման ուղիներ որոնելը:

«Մեր խորհրդարանական հարթությունում մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր անհրաժեշտ միջնորդական ջանքերը` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը վերջնականապես կայունացնելու համար», - եզրափակել է խորհրդարանականը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: